Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

G20-ի սամիթի հանդիպումները

G20-ի սամիթի հանդիպումները
25.06.2019 | 11:20

G20-ի սամիթում, որտեղ հավաքվելու են պետությունների ղեկավարները, ակտիվանում է նաև երկկողմ դիվանագիտությունը: Առավել մեծ ուշադրոթյուն է սևեռվելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու ՉԺՀ նախագահ Սի Ձինպինի հանդիպմանը: Դա նրանց հինգերորդ հանդիպումն է, վերջինը Արգենտինայում էր՝ 2018-ի դեկտեմբերին, դարձյալ G20-ի շրջանակներում: Ի տարբերություն նախորդ բանակցությունների՝ առաջիկա հանդիպումը անցնելու է լարվածության մթնոլորտում:

Բացի առևտրային դեֆիցիտի կրճատումից՝ ԱՄՆ-ը մղում է Չինաստանին փոխզիջման հեղինակային իրավունքի խախտման ու արտասահմանյան ընկերությունների տեխնոլոգիաների հարկադրական փոխանցման հարցերում: Խնդիրների լուծման բանալին առևտրային կոնֆլիկտն է, որ սպառնում է համաշխարհային տնտեսությանը: ԱՄՆ-ը արդեն լրացուցիչ մաքսատուրքեր է սահմանել չինական բոլոր ապրանքների նկատմամբ: Նպատակը ճնշումներ գործադրելով՝ բանակցություններում առավելություն ստանալն է: Այնուամենայնիվ, աճում է ամերիկացի ագարակատերերի դժգոհությունը, որոնց հարված է հասցրել Չինաստանը պատասխան մաքսատուրքերով: Իրականում 2020-ին վերընտրության ձգտող Թրամփը ցանկանում է հարցը բանակցություններով լուծել:

Չինաստանը նույնպես փոխզիջում էր ակնկալում, բայց մայիսին առևտրային բանակցությունները ձախողվեցին, և Պեկինը անցավ հակահարձակման: Չինաստանը հայտարարեց, որ ԱՄՆ-ը չափազանց մեծ պահանջներ է դնում՝ ամերիկյան ապրանքների արտահանման ընդլայնում, առևտրային անհավասարակշռության վերացում և այլն: Պաշտոնապես ընդգծվեց՝ ՙփոխզիջում անհնար է՚ (ՉԺՀ պետական խորհրդի փոխվարչապետ Լյու Խե): Չինաստանը կամուրջներն այրեց: Չինական տնտեսության լճացման համապատկերում ՉԺՀ ԶԼՄ-ները սկսեցին քարոզչություն՝ ժողովրդից պահանջելով երկարատև ճակատամարտի պատրաստվել: Հաշվարկը ժամանակ շահելն էր, երբ Թրամփը կարող է թուլացնել գրոհը՝ զգուշանալով նախագահական ընտրությունների վրա բացասական հետևանքներից:

Թրամփը եռանդով է նախապատրաստվում և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը: 2016-ի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության շուրջ սկանդալի պատճառով ուշադրության կենտրոնում հայտնվեց Ռուսաստանի հետ Թրամփի «մեղրամիսը»: Արդյունքում երկու նախագահները մեկ տարի չկարողացան հանդիպել: Օգտվելով հետաքննության ավարտից՝ Թրամփը ծրագրում է բարելավել Ռուսաստանի հետ հարաբերությունները:

Ուշադրության կենտրոնում կլինի և միջուկային կրճատումը: Հարցն այն է՝ կկարողանան կողմերը հանգամանալից քննարկել СНВ-III համաձայնագրի երկարաձգումը, որի ժամկետը լրանում է 2021-ին, նաև փոքր ու միջին հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրի փոխարինման հարցը, որը լուծարվեց ԱՄՆ-ի դուրս գալով: Սամիթն ընդունող Ճապոնիան շատ լուրջ է վերաբերվում ԱՄՆ-ի, Չինաստանի ու Ռուսաստանի բանակցություններին: Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանակցությունները կլինեն երրորդը, որ անսովոր է՝ ապրիլին Վաշինգտոնում, մայիսին՝ Տոկիոյում, հունիսին՝ Օսակայում: Կանխատեսվում է, որ նրանց կքննարկեն Աբեի այցը Իրան, ԿԺԴՀ-ի խնդիրը, առևտրի և այլ հարցեր: Սի Ձինպինն առաջին անգամ է Ճապոնիա գալու իբրև նախագահ: Կարծում ենք՝ Ճապոնիայի ու Չինաստանի ղեկավարները կքննարկեն տնտեսական համագործակցության հարցեր՝ հարաբերությունների բարելավումից հետո: Հիմա բանակցվում է հունիսի 27-ին հանդիպելու և համատեղ ընթրիքի հարցը: Ենթադրվում է, որ Ճապոնիան Սիին նորից կհրավիրի՝ իբրև ազգային հյուրի:

Գլխավոր համաձայնագիրը Ռուսաստանի հետ, որին ձգտում էր Աբեն, հունիսին կնքել չի հաջողվի, կարելի է հուսալ միայն համատեղ տնտեսական գործունեության պայմանավորվածությունների մասին: Մեծ է հավանականությունը, որ Հարավային Կորեայի նախագահի հետ հանդիպումը կբեկանվի հակասությունների խորացման պատճառով՝ կապված աշխատանքի շահագործման հարցին՝ Կորեական թերակղզում Ճապոնիայի գաղութային կառավարման շրջանում:

Վատաու Սավամուրա, Asahi Shimbun, Ճապոնիա

Հ.Գ. G20-ը հունիսի 28-29-ին է, Օսկայում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է G20 -ի շրջանակում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակը՝ հայտնել է Սպիտակ տունը: Թրամփը ցանկանում է Պուտինի հետ խոսել Իրանին, Սիրիային և Մերձավոր Արևելքին վերաբերող հարցերի շուրջ՝ չշրջացելով երկկողմ հարաբերությունների կարգավորման, այդ թվում՝ սպառազինության նկատմամբ վերահսկման խնդիրները: Սպիտակ տնից չեն բացառել, որ երկու երկրների նախագահները հնարավոր է քննարկեն նաև Վենեսուելայում ստեղծված իրավիճակը: Փաստացի՝ Ուկրաինան դուրս է մնում օրակարգից: Բացի այդ՝ Ճապոնիայի ԱԳՆ-ն հերքել է G20 գագաթաժողովին մասնակցելու նպատակով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու այցի լուրերը: «Ուկրաինայի նախագահի անունը գագաթաժողովին հրավիրվածներից ցանկում չկա», - նշել են նախարարությունից:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2144

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ